Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշում կայացրեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300,000 դրամի չափով պարգևատրում տրամադրել:

Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 86,1 մլն դրամ:

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողովի» հանձնարարականից, համաձայն որի նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանների` տրամադրել դրամական աջակցություն` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ:

Նշվում է, որ 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի  շուրջ 287 վետերան:  Վետերանների   համար  միշտ շատ կարևոր է եղել զգալ պետության աջակցությունը և գնահատված լինելը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ սա միանվագ պարգեւատրում է, իսկ 2019-ից նրանց պարգեւակճարը կառավարությունը կրկնապատկել է 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: