2019-ին Հայաստանում 26.850 հանցագործություն է գրանցվել: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ներկայացնելով իր կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեությունն ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նիստին:

Ըստ նրա` 8.8 տոկոս աճը գրանցվել գույքի դեմ հանցագործությունների, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատճառով: «Սա մտահոգիչ է: Միեւնույն ժամանակ, աճի ցուցանիշի վրա ազդել են լատենտ հանցագործությունները: Սա լավ է, քանի որ ամբողջ աշխարհում լատենտ հանցագործությունների առումով աճը որպես արդյունավետ աշխատանքի արդյունք է դիտվում: Ամրապնդվում են նաեւ բնակչության հետ հարաբերությունները, ինչը նշանակում է, որ ավելի շատ հաղորդումներ են ստացվում»,- նշեց Դավթյանը: Մյուս կողմից, նա ընդգծեց, որ բարելավվել է հաղորդագրությունների գրանցման որակը, ինչին մեծապես նպաստել է այն, որ անփույթ աշխատողները պատասխանատվության են ենթարկվել:

Ինչպես նշեց Դավթյանը, 2008-2018 թվականներին ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր թվի 28 տոկոսը, 2019-ին` 17.8 տոկոսը: Այսինքն, ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 10 տոկոսով: «Սա լուրջ կրճատում է: 100 հազար մարդու հաշվով Հայաստանում 906 դեպք է բաժին ընկնում: Հայաստանը լավ իմաստով տարբերվում է նախկին ԽՍՀՄ երկրներից»,- շեշտեց Դավթյանը: Ընդ որում, բացահայտումը 4 տոկոսով նվազել է: Սակայն ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների բացահայտման մասով աճ է նկատվում:

2019 թվականին գրանցվել է 47 սպանության դեպք: Սա 12-ով ավելին է, քան 2018 թվականի 30 տարվա ռեկորդային ցուցանիշը` 35 սպանություն, բայց մոտ է վերջին 10 տարվա միջին ցուցանիշին: Նույն ռեսուրսների պարագայում ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է` միջինում 102 գործից` մինչեւ 130 գործ մեկ քննիշի հաշվով: