ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 29-ին պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, որը տարածվում է Սիրիայում բողոքի ակցիաները ճնշելու մեջ մասնակցություն ունեցող անձանց վրա:

Սպիտակ տան հայտարարության համաձայն` այդ միջոցառումներն առաջին հերթին տարածվում են երկու գերատեսչության` Սիրիայի ընդհանուր հետախուզության վարչության եւ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա: Դրանք կկիրառվեն նաեւ Սիրիայի երեք պաշտանատար անձանց` վերոնշյալ հետախուզության վարչության պետ Ալի Մամլյուքի, բանակային բրիգադի գեներալ Մահիր Ասադի եւ անվտանգության նահանգային ծառայության նախկին ղեկավարներից Աթիֆ Նաջիբի նկատմամբ, հողորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան ներկայացուցիչները լրագրողներին պարզաբանել են, որ Ասադն ու Նաջիբը նախագահ Բաշար ալ Ասադի հարազատներն են:  Իր` նահագահի վրա, պատժամիջոցները դեռեւս չեն տարածվում, սակայն  կկիրառվեն, եթե տեղական իշխանությունները շարունակեն  ուժ գործադրել հակակառավարական ցույցի մասնակիցների նկատմամբ:

Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում գտնվող ակտիվների սառեցում, «սեւ ցուցակում» հայտնվածների հետ գործարար պայմանագրերի կնքման  արգելում: