«Օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանին, իր իսկ վկայությամբ, փոխանակումից առաջ ադրբեջանցիները ինչ-որ բան են սրսկել: Նա երկյուղ ունի, որ դա կարող է ճակատագրական լինել իր համար: Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի խոսքով` Արթուրի առողջական վիճակը վատ չէ, նա բուժում է ստանում Երեւանում, Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Մինչդեռ, համագյուղացիների վկայությամբ, Արթուրը նման չէ իրեն, շրջում է մշուշոտ հայացքով:
Տավուշի մազպետարանը նրա ընտանիքին` 20 հազար, իսկ Հաղարծինի գյուղապետարանը` 80 հազար դրամ օգնություն է ցուցաբերել: 2009 թ. մայիսի 9-ին Արթուրն իր ընկերների հետ Հաղարծինից գնացել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառ` սունկ հավաքելու: Անտառում մոլորվելով` նա հայտնվել էր Ադրբեջանի տարածքում»,-գրում է «Առավոտ»-ը:




























