Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 29-ին հանդիպել է Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀԱԿ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարներին: Զրուցակիցները մասնավորապես կանգ են առել սոցիալ-տնտեսական խնդիրների, կոռուպցիայի հաղթահարման, լեգիտիմ իշխանության ձեւավորման մեխամիզմների, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրների վրա:

Քննարկվել է նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդակցական մշտական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: