Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2010-ից մինչ այսօր դատարաններում որեւէ դատական գործ չի պարտվել: Դատարաններում քննարկվել են Հանձնաժողովի 38 որոշումների իրավաչափության հարցը:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ թվով 14 գործի մասով կայացվել է վճիռ՝ հօգուտ Հանձնաժողովի, մնացած 24 դեպքերում դատական գործընթացը դեռեւս շարունակվում է:
Հանձնաժողովն անդրադարձել է նաեւ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, իբրեւ «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան» նախորդ տարի բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը, եւ դատարանը վճիռ է կայացրել ընկերության օգտին: «Նշենք, որ խոսքը վերաբերում է Հանձնաժողովի այն որոշմանը, ըստ որի ընկերության հանդեպ անբարեխիղճ մրցակցության գործողության (ընկերությունը շուկա էր հանել առանց մակնշման հավկիթներ), եւ Հանձնաժողովի որոշումը չկատարելու համար կիրառվել էր 5 միլիոն դրամ տուգանք»,- ասված է հայտարարության մեջ:
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ ընկերությունն իսկապես բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը, սակայն այդ գործով դատարանը քննարկման առարկա է դարձրել տեխնիկական եւ ընթացակարգային բնույթի հարցեր, որոնցով ոչ մի կերպ չի հերքվում տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենսդրության խախտումների փաստը: «Հանձնաժողովը սահմանված կարգով բողոքարկել է դատարանի վճիռը, ուստի տնտեսվարողի այն հայտարարությունները, որ Հանձնաժողովը դատարանում պարտվել է, անհիմն են, քանի որ դատական գործընթացը դեռեւս շարունակվում է, ասվում է հաղորդագրության մեջ»,- նշել հանձնաժողովից:





























