Եթե Հայաստան գա Եվրախորհրդի պահակի տեղակալը` իշխանությունները նրա պատվին ողջ քաղաքը կզարդարեն, իսկ պետական տոն հռչակված մայիսի 1-ին անգամ մի դրոշ չեն փակցնում մայրաքաղաքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր բողոքը հայտնեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` անդրադառնալով վաղվա`մայիսի 1-ի տոնին:
Թովմասյանն ասաց, որ տրամադրությունը փայլուն է, ինչպես որ մյուս բոլոր կոմունիստների տրամադրությունը: «Չկա մի ընտանիք, որ սովետական մայիսի 1-ը չհիշի: Մայիսի 1-ը տոնվում էր համաժողովրդական մակարդակով, աշխատավորությունը զեկուցում էր, թե ինչի է հասել եւ ինչի է ձգտում, երիտասարդությունը զեկուցում էր իր սպորտային հաջողությունների մասին: Մեր շարքերի առջեւից անցնում էին մտավորականներ եւ հայտնի գործիչներ` աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, գրող Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, բուհական ամբողջ համակարգը…»,- հպարտությամբ ասաց Թովմասյանը եւ ներկայացրեց մայիսի 1-ի միջոցառումների օրակարգը:
Ըստ այդմ`շքերթին կմասնակցեն կուսակցության 45 տարածքային կազմակերպություններից եկած ներկայացուցիչները, ովքեր Մարտիրոս Սարյանի արձանի մոտից փողային նվագախբի ուղեկցությամբ, տոնական եւ հակաիշխանական պաստառներով ու կարգախոսներով շարժվելու են Մաշտոցի պողոտայով, մտնելու են Ամիրյան փողոց: Այդտեղից էլ` Ստեփան Շահումյանի անվան հրապարակ, ուր եւ տեղի է ունենալու կոմունիստական մայիսմեկյան հանրահավաքը: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը մայիսի 1-ի տոնական միջոցառումներին հրավիրեց բոլոր ցանկացողներին: «Լինում են բազմաթիվ զանգեր, մարդիկ հետաքրքրվում են միջոցառումով: Ես համոզված եմ, որ մեր շարքերում կլինեն մեծ թվով երիտասարդներ, հայրենական պատերազմի մասնակիցներ, աշխատանքի վետերաններ եւ շարքային քաղաքացիներ»,-հույս հայտնեց Թովմասյանը:
Նա նաեւ հավելեց, որ մայիսի 1-ի տոնը մոռացության է մատնվել գործող իշխանությունների կողմից, քանի որ նրանք վախենում են կոմունիստներից: «Մի քաղաքական ուժ, որը 70 տարի ստեղծեց մի հիանալի երկիր, եւ չնայած այդ հանգամանքին մայիսի 1-ի նման տոները մոռացության են մատնվում: Պատճառը մի բան է` վախը: Վախենում են կոմունիստների վերադարձից, իսկ այդ վերադարձը լինելու է անպայման»,- ազդարարեց Թովմասյանը:




























