Ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից սահմանահատվածի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ` արձակելով ավելի քան 2700 կրակոց:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել ապրիլի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը АК, СВД, Սեւ նետ, ПК, ДШК, УТЕС տիպի զինատեսակներից շփման գծի հարավարեւելյան, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա, միայն երեք օրվա ընթացքում արձակել են շուրջ 1800 կրակոց:
Հրադադարի խախտման արդյունքում դժբախտաբար ղարաբաղյան կողմն ունեցել է կորուստներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:




























