Եկել է ժամանակը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մատնանշի ղարաբաղյան հարցի կարգավորումը ձախողող իրական մեղավորներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ մեկնաբանելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքը, որի արդյունքում հայկական կողմը մարդկային կորուստներ ունեցավ:

Պատգամավորն ընդգծեց, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովից հետո կողմերի դիրքորոշումների վերաիմաստավորման համար տրված ժամկետն Ադրբեջանն օգտագործել է իր մոտեեցումներն առավել խստացնելու համար։ «Ադրբեջանի կողմից ընտրված ապակառուցողական ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, տանում է բանակցային գործընթացի ձախողման։ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հստակ հայտարարի այդ մասին»,- հայտարարեց Սաֆարյանը։

Նշենք, որ երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի դիպուկահարների կողմից արձակված գնդակից երեկ՝ ապրիլի 29-ին, զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ Մարտունու շրջզինկոմիսարիատից):

Դեպքի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանական բանակը հայտարարություն է տարածել.

«Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ եւս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլեւ առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին:

Մասնավորապես, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել:

ԼՂՀ ՊԲ ողջ անձնակազմը խորապես ցավակցում է զոհված զինծառայողների հարազատներին»: