Քիչ առաջ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության նախկին փոխնախարար Դերենիկ Դումանյանը: Նա մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար էր: Փակ գաղտնի քվեարկությամբ Դումանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 31, դեմ` 1 հոգի: Ուշագրավ է, որ ընտրությանը նախորդած ելույթների ժամանակ Դումանյանի թեկնածությանը դեմ արտահայտվող չեղավ:  Նորընտիր ռեկտորը ընտրությունից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ «մինչեւ աշուն որեւէ լուրջ կադրային փոփոխություն չի լինի»: «Եթե որեւէ մեկը չցանկանա աշխատել, ես նրան չեմ պահի»,- ասաց Դերենիկ Դումանյանը` հավելելով, որ պաշտոնը ստանձնում է աշխատանքային բարձր տրամադրությամբ:

Ի դեպ, բժշկական համալսարանն այսուհետ ունենալու է մամուլի պատասխանատու: Այդ պաշտոնը  ստանձնելու է Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորը Գոհար Քյալյանն էր: