«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանը դատական հայց է ներկայացրել ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ։
Հայցվորը խնդրում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին Հայկ Դեմոյանին պարտավորեցնել վճարել 1 մլն դրամ որպես իրեն հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում եւ 2 մլն դրամ` որպես փոխհատուցում հայցվորին զրպարտելու դիմաց: Հայցում նշվում է, որ վիրավորանքները հնչել են 2011 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ի «Վերադարձ» հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանի հետ հարցազրույցի ժամանակ, ինչպես նաեւ ապրիլի 12-ին hetq.am կայքում հրապարակված հոդվածում, որը վերնագրված է «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. Ցավակցական նոթեր Գեւորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ»:
Ըստ հայցի` հեռուստահաղորդման ընթացքում եւ հոդվածում Դեմոյանն Այվազյանին հասցրել է մի շարք վիրավորանքներ եւ զրպարտել է նրան՝ անվանելով «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»: Դեմոյանը նաեւ հայտարարել է, որ մարդկային այդ «տեսակը հայտնի է հայկական բոլոր շրջանակներին եւ ստեղծել է մի գիշատիչ խումբ, որի նպատակը հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնելն է»։




























