Ադրբեջանի վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը: Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Վերջին երկու օրվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել: Ադրբեջանի դրսեւորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ. «Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարհել միջազգային տարբեր ատյաններից եւ երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման եւ միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը»:
Նշենք, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի դիպուկահարների կողմից արձակված գնդակից երեկ՝ ապրիլի 29-ին, զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ Մարտունու շրջզինկոմիսարիատից):
Դեպքի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանական բանակը հայտարարություն է տարածել եւ արձանագրել, որ «պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլեւ առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին»:




























