Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երեւանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ողջունել է խորհրդաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած  մեր հայրենակիցներին, նշելով, որ  յուրաքանչյուր հայի համար շատ կարեւոր է եւ պարտադիր՝ պարբերաբար այցելել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի կարողանա  անմիջականորեն տեսնել եւ զգալ իր պատմական Հայրենիքի ձեռքբերումներն ու խնդիրները, հպարտանա, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, ունենք անկախ պետություն՝ լավատեսորեն եւ վստահ իր ապագային նայող, հաջողություններ արձանագրող եւ վստահ` այդ ապագայի նկատմամբ:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ բացի ճանաչողական այցերից, յուրաքանչյուր հայից ակնկալվում է նաեւ գործնական մասնակցություն ունենալ մեր պետության զարգացման ընթացքին:

«Ցավոք, մեր սփյուռքահայ քույրերի եւ եղբայրների մեծ մասի մոտ թյուր կարծիք կա, որ չի կարելի Հայրենիքում բիզնես ունենալ, դրամ վաստակել: Սա շատ սխալ մոտեցում է, որովհետեւ Հայրենիքում գործարարությամբ զբաղվելը, դրամ վաստակելը ամենագործուն մասնակցությունն է Հայաստանի զարգացմանը, որովհետեւ Հայրենիքում վաստակած յուրաքանչյուր դրամից որոշակի հարկեր եք վճարում, աշխատատեղ, համախառն ներքին արդյունք եք ապահովում եւ այլն: Բացի այդ, եղած արտադրության կողքին այսպես, թե այնպես, նաեւ այլ փոքր ու միջին բիզնեսներ են զարգանում»,-ասել է նախագահ Սարգսյանը, կոչ անելով հանդիպման մասնակիցներին եւ ի դեմս նրանց սփյուռքահայ բոլոր գործարարներին` մասնակցել մեր երկրի տնտեսական հզորացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ-կանադական գործարար խորհրդի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությունը՝ ստեղծել «Հայկական առեւտրական ցանց» ընկերակցություն: Նախագահը հույս է հայտնել, որ այն կդառնա գործուն կառույց, ի դեմս որի` Հայաստանը կունենա վստահելի գործընկեր, որը կարող է հանդես գալ նախաձեռնություններով, ապահովել հետադարձ կապ նաեւ գործարար-պետական կառույցներ հարաբերություններում:

Հանդիպման մասնակիցները եւս կարեւորել են «Հայկական առեւտրական ցանց»-ի ստեղծման նախաձեռնությունը, նշելով, որ այն կարող է ոչ միայն Հայրենիքի, այլ նաեւ Սփյուռքի գործարար միավորումների միջեւ ապահովել արդյունավետ կապ եւ համագործակցություն:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաեւ Հայաստանի տնտեսության, երկրում իրականացվող բարեփոխումների, արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: