Քաղաքապետարանը մշակում է պաստառների տեղադրման այլընտրանքային տարբերակներ` վահանակների տեսքով, որտեղ հնարավոր կլինի տեղադրել հայտարարություններ, գովազդներ եւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքով` այս վահանակները գործածության մեջ կդրվեն առաջիկայում, իսկ այն պաստառները, որոնք փակցված են անցումներում, պատերին, պետք է մաքրվեն. «Կապված շաբաթօրյակների հետ` Երեւանի քաղաքապետարանը կոչով դիմել էր համատիրություններին եւ խնդրել էր անհարկի պաստառներից ու սոսնձած թղթերից ազատել քաղաքը, բազմաբնակարան շենքերի պատերը եւ հետեւողական լինել, որպեսզի դրանք փակցվեն սահմանված տեղերում: Քաղաքապետարանը նաեւ կոչ էր անում համատիրությունների բոլոր անդամներին, բնակիչներին հասարակական վերահսկողության տակ առնել եւ անհանդուրժող լինել լինել քաղաքի դեմքը խաթարող ցանկացած երեւույթի դեմ»,- ասաց Շուշան Սարդարյանը:
Ի դեպ, նշենք, որ այս առթիվ քննարկումներ են ծավալվել քաղաքապետ Կարեն Կարապետյանի Facebook-ի էջում, մասնավորապես` քաղաքապետը մի շարք նկարներ է հրապարակել եւ գրել`«Եթե սիրում ենք մեր քաղաքը, պարտավոր ենք մաքրել»: Քաղաքապետի էջում ծավալված քննարկումների մեջ քաղաքացիներից մեկը գրել էր, որ պետք է արգելել պատերը կեղտոտելը, հայտարարություններ տալու ավելի քաղաքակիրթ ձեւեր կան: Մեկ այլ քաղաքացի առաջարկել էր Երեւանի շուկաների տարածքում ամենօրյա կամ գոնե 3 օրը մեկ մաքրման աշխատանքներ կատարել: Քաղաքացիներից մեկն էլ առաջարկել էր գտնել ու պատժել քաղաքը կեղտոտողներին` նրանց կողմից փակցված «գովազդ» կոչվածի վրա գրված հեռախոսահամարներով:



































