Չնայած նախապես հայտարարված ոչ թռիչքային եղանակին, «Արմավիա» ավիաընկերության օդանավի անձնակազմը պատրաստվում է Սոչի-Երեւան չվերթի իրականացմանը, որը նախատեսված է Երեւանի ժամանակով ժամը 17:55-ին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, օդանավի անձնակազմը ներկայումս պատրաստվում է չվերթի իրականացմանը, սակայն թռիչքից 1,5- 2 ժամ առաջ, եթե եղանակային պայմաններն անբարենպաստ լինեն, այն կարող է հետաձգվել:
Նա դժվարացավ ասել, թե քանի ուղեւոր է Սոչի-Երեւան չվերթի տոմս գնել:
Նշենք, որ Սոչիում ոչ թռիչքային եղանակի պատճառով մոտ 2,5 հազար ուղեւոր սպասում է քաղաքի հյուրանոցներում ու օդանավակայանում, որոնց չվերթերը հետաձգվել են:
Միաժամանակ Սոչիի օդերեւութաբանները ենթադրում են, որ օրվա կեսին եղանակը նկատելի կլավանա:




























