Այժմ աղբանոց է կառուցվում Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի համար, որը կարող է մոտ 20 տարի շարունակ աղբ կենտրոնացնել հանրապետության նշված երկու մարզերից: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, բանակցություններ են ընթանում, որոնք ուղղված են Հայաստանում աղբի վերամշակման ձեռնարկության ձեւավորմանը: «Չնայած մենք վերջնական կոնցեպտ չունենք, թե աղբի կոնկրոտ ինչպիսի վերամշակումն է մեզ համար առավել կիրառելի է, քանի որ աշխարհում շատ նախադեպեր կան, եւ նրանք, ովքեր ցանկանում են աղբի վերամշակմամբ զբաղվել Հայաստանում, առաջարկում են դա անել այնպիսի եղանակով, որն անընդունելի է մեզ համար, քանի որ կարող է շրջակա միջավայրի աղտոտման խնդիր առաջանալ: Այդ իսկ պատճառով մենք դեռ վերջնական որոշում չունենք այս հարցով»,- նշեց Պապիկյանը: