Իսրայելը դադարեցրել է հարկային հատկացումները Պաղեստինի ինքնավարությանը, վախենալով, որ դրանք կուղղվեն «ՀԱՄԱՍ»-ի ֆինանսավորմանը, հաղորդել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը:
Նրա խոսքով, Պաղեստինի ինքնավարությանը չի հատկացվել 88 մլն դոլարի մաքսային եւ այլ հարկաերից ստացվող եկամուտներ, որոնք Իսրայելը հատկացնում էր պաղեստինցիներին խաղաղության պայմանագրի համաձայն:
«ՀԱՄԱՍ»-ի ֆինանսավորման մտավախությունն ի հայտ է եկել, երբ նախորդ շաբաթ հաշտություն են կնքել պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ն ու «Ֆաթհը»:
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը միջազգային հանրությանը կոչ է արել ազդել Իսրայելի վրա եւ ստիպել նրան փոխել իր որոշումը: Հարկային հատկացումները ինքնավարության եկամուտների 70 տոկոսն են կազմում: Աբասի խոսքով, Իսրայելի գրծողություններն, ըստ էության, տանում են նոր պատերազմի:




























