Խնձորն ապրիլին մարտի համեմատ էժանացել է 5 տոկոսով, տանձը` 4 տոկոսով, բանանը` 11 տոկոսով, վարունգը` 20 տոկոսով, լոլիկը` 16 տոկոսով: Այս մասին պաշտոնապես ծանուցել է ազգային վիճակագրական ծառայությունը; Ընդ որում` «միրգ» ապրանքախնմբի ընդհանուր ամսական գնանկումը կազմել է 1.8 տոկոս, իսկ Երեւանում` նույնիսկ 2.1 տոկոս:
Սակայն NEWS.am-ի հարցումները եւ դիտարկումները պաշտոնական վիճակագրության լավատեսությունը ամբողջությամբ չեն կիսում:
Այսպես`«Գումի» շուկայում խնձորի գները նախորդ ամսվա համեմատ չեն փոխվել: «Գոլդեն» խնձորի նվազագույն գինը 1000 դրամն է, իսկ «սեմիրենկոյինը»` 800 դրամը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեզոնի վերջում խնձորի որակը էապես զիջում է նախորդ ամիսների որակին, կարելի է նույնիսկ փաստել, որ խնձորն, ընդհակառակը, թանկացել է:
Հիշեցնենք, որ ԱՎԾ-ն ապրիլին մարտի համեմատ արձանագրել է 0.2 տոկոս- գնանկում: Գնանկմանը բացառապես նպաստել են բանջարեղենն ու միրգը:





























