Մոսկվայի քրեական հետաքննության օպերատիվ աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում ազատ են արձակել Մոսկվայում առեւանգված մորն ու աղջկան։
Ինչպես հայտնում է «Բալտինֆոն», ոստիկանություն է դիմել Մոսկվայի շուկաներից մեկում առեւտրով զբաղվող Հայաստանի 30-ամյա մի քաղաքացի։
Նա պատմել է, որ իր 28-ամյա կինը եւ 8-ամյա աղջիկն ապրիլի 29-ի երեկոյան տուն չեն վերադարձել, իսկ հաջորդ օրն իր բջջային հեռախոսի վրա է զանգահարել անհայտ անձը եւ պահանջել 300 հազար ռուբլի՝ սպառնալով գումարը չստանալու դեպքում սպանել նրանց։
Մայիսի 1-ին տեղի ունեցած հատուկ գործողության արդյունքում առեւանգվածներն ազատ են արձակվել, իսկ նրանց անազատության մեջ պահողները՝ ձերբակալվել։ Նրանք բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ են եղել՝ 55-ամյա հայրն իր երկու որդիների եւ նրանց ընկերոջ հետ։




























