Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 10-ին, ժամը 12.00-ին տեղի է ունենալու ամուսնու ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատական հերթական նիստը: Դատական նիստերը մինչեւ այժմ եղել են դռնբաց, սակայն գործով ամբաստանյալ` Զարուհի Պետրոսյանի ամուսին Յանիս Սարկիսովի պաշտպանը միջնորդել էր դատական նիստերն անցկացել դռնփակ: Դատավորը մերժել էր միջնորդությունը, ինչից հետո պաշտպանը դիմել էր Վերաքննիչ ատյանի դատարան` բողոքարկելով դատարանի որոշումը: Ուշագրավ է, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանը պնդել է, որ չի ստացել նիստը դռնփակ անցկացնելու մերժման ծանուցումը, ինչպես նաեւ ժամանակ է խնդրել Վճռաբեկ դատարան դիմելու համար:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ եւ բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին եւ կազմակերպություններին կոչ է անում մասնակցելու դատավարությանը եւ ցույց տալ, որ շահագրգռված է արդար վճռի կայացմամբ:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Նշենք նաեւ, որ մահացած կինը մանկահասակ դուստր ունի, որն այս պահին մանկատանն է:
Զարուհի Պետրոսյանի հետ տեղի ունեցածը դատապարտել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ:




























