Իջեւանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները պարզել են, որ Իջեւանի բնակիչ Գագիկ Զաքարյանն առանց համապատասխան  գրանցման Տավուշի մարզի Գանձաքարում կազմակերպել եւ իրականացնում է փայտասղոցման  գործունեություն:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա  ապօրինի գործունությունը ծավալել է Գանձաքարից դեպի անտառ տանող ճանապարհին հարակից կիսակառույց շինությունում` աշխատելով հիմնականում գիշերային ժամերին: Ստուգման պահին արտադրամասում հայտնաբերվել է 1 միլիոն 200 հազար դրամի մոտ 40 խմ տախտակ եւ գերան: Զաքարյանի նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ:

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց հայտանբերելու եւ պատասխանատվության ենթարկելու միջոցառումները  տեսչությունում շարունակվում են:

Իսկ Էրեբունու հարկային տեսչության եւ օպերատիվ հետախուզության վարչության Էրեբունու բաժնի աշխատակիցների համատեղ ստուգումների արդյունքում, ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք է բացահայտվել:

Այսպես, պարզվել է, որ Գառնիկ Ավետիսյանին պատկանող` ավտոմեքենաների վերանորոգման արտադրամասն առանց պետական գրանցման գործել է փետրվարից: Հայտնաբերվել են նաեւ եւս 9 չգրանցված` շուրջ 1 ամիս գործող  արտադրամասեր: Բացահայտվել է հարկային դաշտից դուրս գործող կոշիկի, փայտամշակման, ավտոտեխսպասարկման արտադրամասերի, հանրային սննդի կետի,  ինչպես նաեւ պատճենահանման ծառայության, ծաղկի եւ  ձայներիզների մանրածախ առեւտրի սրահների անօրինական գործունեությունը, որը  կասեցվել է: