Մայիսի 17-ից Քաթարի իշխանությունները սահմանում են տնից դուրս բժշկական դիմակներ պարտադիր կրելու ռեժիմը երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին, ասվում է կառավարության որոշման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Սկսած մայիսի 17-ից՝ ցանկացած նպատակով տնից դուրս գալիս բժշկական դիմակ կրելը պարտադիր է: Բացառություն են կազմում մարդիկ, որոնք միայնակ են երթեւեկում մեքենայում»,-ասվում է որոշման մեջ:
Սահմանափակումը խախտելու դեպքում նախատեսված է մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկում կամ տուգանք մինչեւ 200 քաթարական ռիալի չափով (շուրջ 55 հազար դոլար):
Չնայած փոքրաթիվ բնակչությանն ու փոքր տարածքին՝ Քաթարում գրանցված է կորոնավիրուսով վարակման ամենամեծ աճը՝ ի տարբերություն բոլոր արաբական երկրների տվյալների: Ուրբաթ երկրի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ Քաթարում, որն ունի շուրջ 2,5 միլիոն բնակչություն, պանդեմիայի սկզբից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 29 հազար վարակված, երբ մեկ օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 1.100-ով: Սակայն մահացության ցուցանիշը դեռեւս ամենացածրն է ամբողջ աշխարհում. հիվանդության հետեւանքով դեռեւս մահացել է 14 մարդ:
Երկրում շարունակում են գործել հանրային վայրեր այցելելու սահմանափակումները, գործում են միայն մի քանի մթերային խանութներ եւ դեղատներ: Սակայն 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպչական հանձնաժողովի տեղեկություններով՝ օբյեկտները կառուցվում են ըստ նախատեսվածի:





























