Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրում ավարտվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը, սակայն մայիսի 16-ից հանրապետությունում կգործի արտակարգ դրության ռեժիմ առողջապահության ոլորտում, հաղորդում ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Մոլդովայում հայտնել էին կորոնավիրուսով վարակման 5745 դեպքի մասին, որոնցից 202-ը՝ մահվան ելքով:

«Այսօր Մոլդովայում ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաեւ Արտակարգ դրության հարցով ազգային հանձնաժողովի լիազորությունները, սակայն երկրում պանդեմիան չի ավարտվում, ուստի սանիտարահամաճարակաբանական սահմանափակումներն ուժի մեջ կմնան: Սակայն այժմ որոշումներ կկայացնի առողջապահության հարցերով արտակարգ հանձնաժողովը, իսկ առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմը հաստատվել է 30 օրով»,-հայտարարել է Կիկուն:

Ավելի վաղ հանրապետությունում դադարեցվել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, ինչպես նաեւ փակվել են ցամաքային սահմանները: Արգելված են զանգվածային մշակութային եւ կրոնական միջոցառումները, չեղարկված են դասերն ուսումնական հաստատություններում: