Եղեգիս գետի վարարման պատճառով մայիսի 2-ին վնասվել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ում գտնվող կամուրջը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական  վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ կամրջի  3-րդ միջանկյալ հենարանի 1-ին հենապատը վնասվել է ամբողջությամբ, իսկ 4-րդ հենարանի 1-ին հենապատը` մասնակի: Կամրջի փլուզումը կանխելու եւ անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով կամրջի ձախակողմյան երթեւեկությունը փակվել է:

Ուսումնասիրվել են նաեւ Եղեգիս եւ Արփա գետերի առավել հեղեղավտանգ վայրերը: Պարզվել է, որ.

- Եղեգիս գետի վարարման պատճառով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-4-րդ կմ-ում վնասվել է 46 մ երկարությամբ ճանապարհահատված: Գետը քշել տարել է նաեւ 7 ճամփեզրյա պարապետներ եւ վնասել 4-ը: Ջրածածկվել են Գետափ գյուղի 2,5 հա մշակովի հողատարածքները:

- Արփա գետի վարարման հետեւանքով Եղեգնաձոր քաղաքի հարակից հանդամասերում ջրածածկվել են 54 հա հողատարածքներ, «Հայաստանի էլ.

Ցանցեր» ՓԲԸ-ի Վայքի մասնաճյուղի ենթակայանի տարածքը` 2400 քմ մակերեսով, Ազատեկ գյուղի 8 հա, Արփի  գյուղի 6 հա եւ Արենի գյուղի 1 հա մշակովի հողատարածքները, արմատախիլ է եղել 98 պտղատու ծառ:

Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 138 կմ-ում անձրեւաջրերը քանդել են ճամփեզրի հենապատը ( 10 մ բարձրությամբ եւ 5 մ երկարությամբ) եւ ճամփեզրը` 1 մ:

Վնասի չափերը ճշտվում են մարզում մշտական գործող հանձնաժողովի կողմից:   

Հեղեղատներ են առաջացել եւ վնասներ պատճառել նաեւ Արարատի մարզում. Հրազդան գետի վարարման հետեւանքով ՝Սայաթ -Նովա գյուղում, Վեդի գետի վարարման հետեւանքով՝ Վեդի քաղաքում:

Դեպքերի մասին տեղյակ են պահել համապատասխան կազմակերպություններին: