Համաշխարհային մամուլը հիշում է ոչ միայն «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ակտիվ ահաբեկչական գործունեությունը, այլեւ նրա անձնական կյանքը: Որոշ տվյալներով, «թիվ մեկ ահաբեկիչը» ամուսնացել է 5 անգամ եւ պաշտոնապես բաժանվել է միայն մեկ կնոջից: Երեխաների թվի մասին հստակ տվյալներ չկան, նա 12-ից 24 երեխա է ունեցել:
Առաջին անգամ բեն Լադենն ամուսնացել է 1974թ. Նաժվա Խանեմի հետ: Ավելի ուշ նրանք ամուսնալուծվել են: Նախկին կինը 2009թ. անգամ գիրք էր գրել Ուսամայի հետ իր կյանքի մասին:
Նրա խոսքով, Ուսաման տանը բռնապետ էր, ով սեփական երեխաներից մահապարտ-ահաբեկիչներ էր սարքում` նրանց ոգին ամրացնելու համար սպանելով ընտանիքի կենդանիներին: Ամուսնության ընթացքում Նաժվան 11 երեխա է ծնել, քանի որ, ըստ ամուսնու, իսլամը զինվորների կարիք ունի:
Բեն Լադենը խստորեն հետեւում էր, որ ժամանակակից տեխնիկան չհայտնվեր իրենց տանը, անգամ հրաժարվել էր բրոնխիալ ասթմայով տառապող որդու համար բժշկական օգնությունից: Ընտանիքին արգելվել էր օգտվել օդորակիչներից, հեռուստացույցներից եւ հեռախոսներից:
80-ականներին նա արդեն չորս կին ուներ: 1982թ. ամուսնացել էր Ումմ Համզեի հետ: Ապա Ումմ Ալիի, իսկ 2001-ին բեն Լադենն ամուսնացել էր 15-ամյա Ամալ ալ-Սադայի հետ: Ամեն կին առանձին տուն ուներ: Ահաբեկիչը շատ նյարդային էր եւ կանանց արգելվում էր առաջինը խոսել նրա հետ:
Բեն Լադենի որդին` Օմարը հիշում էր, որ հայրն իրեն առաջարկել է մահապարտ դառնալ, սակայն ինքը հրաժարվել է եւ խզել կապերը: Իսկ ահաբեկիչը, հարցին, թե ինչո՞ւ է նման բան առաջարկել սեփական որդուն, հայտարարել էր, թե իր որդուն սիրում է այնքան, որքան երկրի ցանկացած բնակչի:





























