Երեւանում այսօր` մայիսի 3-ին ժամը 12:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում Mercedes մակնիշի 05 ՕՏ 587 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նախնական տեղեկություններով, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, որի հետեւանքով մեքենան բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշներին եւ հայտնվել Հրազդան գետում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին` 19-ամյա Անանիա Հարությունյանին ավտոմեքենայից հանել է այդ պահին պատահաբար նշված վայրում գտնվող, Աբովյան քաղաքի բնակիչ Ռաֆիկ Մակարյանը:
Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության աշխատակիցները, ովքեր տուժողին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Այս պահին Հրազդանի կիրճում են գտնվում Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի 2-րդ խումբը:
Այժմ սպասում են, որ դեպքի վայր ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Մանվել Մուրադյանը:













Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























