Չինացի ամուսնական զույգը, որի որդին առեւանգվել էր 1988թ․, միավորվել է նրա հետ 32 տարի անց, հայտնում է BBC-ն։
Մաո Ինին առեւանգել էին երկու տարեկան հասակում, երբ տուն գնալիս հայրը հեռացել էր նրանից, որպեսզի ջուր բերի։
Ընտանիքը միավորվել է մայիսի 18-ի մամուլի ասուլիսում, եւ որդին, որն այժմ 34 տարեկան է, ասել է, որ մտադիր է ժամանակն իր ծնողների հետ անցկացնել։ «Ես կուզեի շնորհակալություն հայտնել տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր օգնել են մեզ»,- ասել է նրա մայրը՝ Լի Ցզինչժին։
1988թ․ հոկտեմբերի 17-ին նրա հայրը՝ Մաո Չժենցզինը, Սիան քաղաքում վերցրել էր նրան մանկամսուրից։ Տղան ճանապարհին ջուր էր խնդրել, այդ պատճառով նրանք կանգնել էին հյուրանոցի մուտքի մոտ։ Երբ հայրը հեռացել էր, երեխային առեւանգել էին։
Ընտանիքը համառորեն փնտրում էր նրան։ Մայրը ազատվել էր աշխատանքից, որպեսզի գտնի որդուն, նա մոտ 100 000 թռուցիկ էր բաժանել ավելի քան 10 շրջաններում, սակայն ամեն ինչ ապարդյուն։
Երկար տարիների ընթացքում նա մասնակցել էր Չինաստանում բազմաթիվ հեռուստաշոուների, այդ թվում՝ The X Factor-ին, որպեսզի օգնություն խնդրի։ 2007թ․ նա սկսել էր կամավոր աշխատել Baby Come Back Home խմբում, որպեսզի օգնի այլ ծնողների գտնել իրենց կորած զավակներին։
Պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա օգնել է 29 երեխաների միավորվել իրենց ընտանիքների հետ։
Ապրիլին պետական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Սիչուան շրջանից մի մարդու մասին, որը մի քանի տարի առաջ երեխա է որդեգրել։
Ոստիկանությունը հայտնաբերել է որդեգրյալին, ով այժմ 34 տարեկան է, անցկացվել է ԴՆԹ թեսթ, որպեսզի պարզվի, թե կապ ունի արդյոք նա Մաո Չժենցզինի եւ Լի Ցզինչժիի հետ։ Թեսթը դրական է եղել։
Ոստիկանությունը հայտնել է, որ նա մանուկ հասակում 6000 յուանով (այսօր 840 դոլար) վաճառվել է մի անզավակ զույգի։
1988-ին նրա անհետացման հետաքննությունը դեռեւս շարունակվում է։ Իշխանությունները տեղեկատվություն չեն հրապարակել այն զույգի մասին, որը դաստիարակել է Մաո Ինին։




























