Այս տարվա փետրվարին վճարահաշվային բոլոր կազմակերպություններին իրավունքն տրվեց ներգրավվելու թոշակների բաշխման գործընթացում։ Սակայն առաջին իսկ ամսում կատարվեցին բազմաթիվ կեղծիքներ։ Վճարահաշվային կազմակերպությունները, թոշակների վճարումը սկսելու նպատակով, դիմումներ ընդունեցին թոշակառուներից, ու պարզվում է՝ այդ դիմումների մի մասը գրել են Հայաստանից բացակայողները, կամ վաղուց մահացածները։

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով այդ տեղեկությունները՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ վճարահաշվային կազմակերպությունների բազմաթիվ աշխատակիցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։

Ա. Ասատրյանի խոսքով՝ կենսաթոշակային մարմինները տեխնիկապես ի վիճակի չեն ստուգելու, թե տվյալ անձը մահացած է, թե` ոչ։ Միայն այն բանից հետո, երբ մահացածի հարազատը դիմում է մահվան նպաստ ստանալու խնդրանքով՝ կենսաթոշակային մարմիններում նրան հանում են հաշվառումից։

Եթե նման դիմում չստացվի, ապա մարդը կարող է տարիներ շարունակ մահվանից հետո «թոշակ ստանալ»։ Այս խնդիրը, ըստ փոխնախարարի, կարելի է լուծել միայն քաղաքացիական կացության ակտերի բաժինների ու կենսաթոշակային մարմինների  միջեւ միասնական տվյալների ցանց ստեղծելու միջոցով։