Չնայած Ճապոնիայի կրած բոլոր դժվարություններին, Տոկիոն պատրաստակամ է Հայաստանում շարունակել իր աջակցության ծրագրերը: Այս մասին այսօր` մայիսի 4-ին Երեւանում հայտարարել է Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Հիսասու Տոկունագան` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձավ` նշելով, որ, ցավոք, 1988թ. հայ ժողովուրդը նույնպես բնության այդ աղետի սարսափելի հետեւանքներն իր վրա զգացել է:
«Մենք հիացած ենք ձեր ժողովրդի արիությամբ եւ տոկունությամբ` ճակատագրի այդ ծանր հարվածը կրելիս: Իհարկե, ուշադրությամբ հետեւում ենք Ճապոնիայի կառավարության գործադրած ջանքերին՝ Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման ուղղությամբ եւ լիահույս ենք, որ ձեզ կհաջողվի չեզոքացնել բոլոր հետեւանքները»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը հույս է հայտնել, որ Ճապոնիայի համար այս ծանր ժամանակաշրջանը չի խանգարի երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ աշխատանքը շարունակելուն, որի նպատակով դեռեւս անցյալ տարվա հունիսին Տոկիոյում բացվել է Հայաստանի դեսպանություն:
Հիսասու Տոկունագան նշել է, որ ի պաշտոնե առաջին անգամ է այցելում Հայաստան եւ վստահ է, որ այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը:





























