Հաագայի միջազգային քրեական դատարանը, ինչպես երեւում է, ինքնիշխան երկրների առաջնորդների հետ հաշվեհարդար տեսնելու գործում մտադիր է հերթական  անգամ Արեւմուտքի ձեռքին գործիք դառնալ։ Այս անգամ, ինչպեսեւ սպասելի էր, «բարձրագույն եվրոպական ֆեմիդան» հասել է Լիբիայի ղեկավարությանը։

«Al Arabiya» հեռուստաընկերության տրամադրության տակ է հայտնվել գլխավոր դատախազ Լուիս Մորեն-Օկամպոյի զեկույցը։ Դրանում խոսվում է արդեն այս շաբաթվա վերջին լիբիական ղեկավարության հինգ ներկայացուցիչների, այդ թվում՝ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին եւ նրա որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին ձերբակալության օրդեր տալու մասին։

Բնական է, Հաագայում որոշել են, որ տիրապետում են մարդկության հանդեպ Քադաֆիի գործած հանցագործությունների «անհերքելի ապացույցներին»։

Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ, քաղաքագետ Անատոլի Ցիգանոկը, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Քադաֆիի նկատմամբ դատական գործընթաց սկսելու ձգտումը արդյոք հերթական քաղաքական շոուն սարքելու Արեւմուտքի հերթական փորձը չի՞, նշել է, որ նման որոշման կայացումը հենց քաղաքական շոու է, որի դեմ, սակայն հանդեսկգան Ռուսաստանն ու Չինաստանը:

Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Լիբիայի դեմ գործողություններն սկսվել են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի: «Փետրվարի 19-ի դեպքերից 2 շաբաթ առաջ, թաքնվելով լրագրողական վկայականների թիկունքում, Լիբիա էր իջեցվել 800 մարդ: Օպերացիան նախօրոք էր պատրաստվել, ոչ թե փետրվարի 19-ին եւ ՆԱՏՕ-ի գործողության շղարշն էր: Ես կարծում եմ, որ ցամաքային ներխուժման մասին որոշումը, որը հիմա կայացնում են ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը, ՄԱԿ-ի ԱԽ որոշման կատարումը չէ: Անգամ ենթադրում եմ, որ ցամաքային գործողության որոշում կայացվի առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի, հաշվի առնելով, որ այդ հարցում Ռուսաստանն ու Չինաստանը կտրականապես դեմ են հանդես գալու»,- նշել է Ցիգանոկը:

Իր հերթին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը ուշադրություն է հրավիրել Արեւմուտքի կողմից տարատեսակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա` ոչ միայն Լիբիայում, այլեւ ողջ աշխարհում իր նպատակներին հասնելու համար: Ընդ որում, այստեղ մի մեխ կա, իրականում Լիբիայում հակամարտությունը ոչ թե Քադաֆիի եւ այսպես կոչված խաղաղ բնակիչների մեջ է, այլ քաղաքացիական պատերազմի, որտեղ զինված են երկու կողմերն էլ, իսկ զինված մարդը քաղաքացիական անձ չի կարող համարվել:

«ՆԱՏՕ-ի կողմից ցամաքային գործողությունների իրականացման վերաբերյալ որոշման ընդունումը ֆանտաստիկայի ժանրից է: Չեմ կարծում, որ տվյալ պահին ՆԱՏՕ-ն կարող է որեւէ գործողություն իրականացնել Լիբիայում: Հաագայի դատարանը ճիշտ որոշում է ընդունում, սակայն այն ոչ թե իրավական է, այլ ավելի շուտ քաղաքական: Քադաֆին բազմիցս հայտնել է, թե ընդդիմության մեջ կան Ալ-Քաիդայի ներկայացուցիչներ սակայն ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում: Չի բացառվում, որ դա իսկապես այդպես է: Տվյալ հանգամանքը ԱՄՆ-ը ոչ հերքում է, ոչ հաստատում»,- ասել է Ոսկանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Միաժամանակ օդում կախված է մնում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի բարձրացրած հարցը, թե ով է թույլ տվել Արեւմուտքին մահապատժի ենթարկել Մուամար Քադաֆիին:Կրեմլը, թեեւ չարգելափակեց ՄԱԿ-ի ԱԽ որոշումը, սակայն հետո սկսեց պնդել, որ փաստաթղթում որեւէ բառ չկա լիբիական առաջնորդին ոչնչացրելու ուժային գործողության մասին:

Սակայն Արեւմուտքը շարունակում է Քադաֆիին ոչնչացնելու փորձերը. երկու օր առաջ գնդակոծումից զոհվել էին նրա որդին եւ երեք թոռները: Ջամահիրիայի առաջնորդը չկարողացավ մասնակցել հուղարկավորությանը: Տրիպոլիում կասկած չունեն, որ կոալիցիան կրկին փորձել է սպանել Քադաֆիին: