Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հերքել է իր եւ Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ մայոր Ներսես Նազարյանի միջեւ դիմակայության մասին լուրերը: «Գրկե՞նք իրար, ի՞նչ անենք, որ հավատաք, որ այդ ամենը սուտ է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ալիկ Սարգսյանը:
Նշենք, որ այսօր` մայիսի 4-ին Երեւանի Խանջյան 16/1 հասցեում բացվել է ոստիկանական նոր հենակետ: Բացման արարողությանը մասնակցել են նաեւ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանական հենակետը հնարավորություն կընձեռի խորհրդատվական եւ տեղեկատվական բնույթի ծառայություններ մատուցել քաղաքացիներին, մոնիթորինգ իրականացնել, համակարգված անցկացնել արտաքին ծառայությունը «Օղակաձեւ զբոսայգու» եւ «Վերնիսաժի տարածքում, տեղում ապահովել տեղի ունեցած հանցագործությունների գրանցումը:
Ոստիկանական հենակետն աշխատելու է շուրջօրյա:
Ավելի վաղ հայաստանյան մամուլը գրել էր, որ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավակնում է դառնալ Հայաստանի ոստիկանապետ, ինչը լուրջ հակասությունների առիթ էր դարձել նրա եւ Ալիկ Սարգսյանի միջեւ:





Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























