Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգման տակտիկա է ընտրել` ռազմական արկածախնդրություն սկսելու համար հարմար պահի սպասելով: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ադրբեջանն իր սադրանքներով ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակում է թեժացնել մթնոլորտը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Խոսելով համագործակցության մասին՝ Հայաստանի նախագահը որպես տարածաշրջանային գործընկերության դրական օրինակ է բերել մերձբալթյան պետությունների համագործակցությունը։ Սակայն  նախագահը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նմանօրինակ համագործակցությունը գրեթե անհնարին է։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահող պաշտոնական Վիլնյուսի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հայաստանի նախագահը նաեւ ընդգծել է կարգավորման գործընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գերիշխող դերը։ Սերժ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ռուսաստանի դերակատարությունը կարգավորման գործընթացում՝ ընդգծելով, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի կամքը։