Կաննի 64-րդ կինոփառատոնը կմեկնարկի մայիսի 11-ին՝ Վուդի Ալենի «Կեսգիշերներ Փարիզում» ֆիլմով։ Մրցանակի հավակնորդների ցանկը, ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, հրապարակվել է օրեր առաջ Փարիզում կայացած ասուլիսի ժամանակ։
Հատկանշական է, որ Վուդի Ալենի ժապավենում էպիզոդիկ դեր է խաղացել Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Կառլա Բրունին։
Կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրում ներառված է 19 ֆիլմ։ Դրանց թվում են Լարս ֆոն Թրիերի «Մելամաղձությունը», որը պատմում է աշխարհի վերջին սպասող մարդկանց մասին, Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ», Տորենս Մալիկի «Կյանքի ծառը» ֆիլմերը։
Կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի կազմը կղեկավարի դերասան Ռոբերտ դե Նիրոն, իսկ «Հատուկ հայացքի» ժյուրիի կազմը՝ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան։ Անիմացիոն ֆիլմերը հանձնվել են ռեժիսոր Միշել Գոնդրիի դատին։
Մրցութային ծրագրից բացի՝ նախատեսվում է ցուցադրել մի շարք այլ ֆիլմեր՝ Ռոբ Մարշալի «Կարիբյան ծովի ծովահենները-4» և Ջոդի Ֆոսթերի «Բոբեր»-ը։
Նշենք, որ այս տարի մայիսի 11-22-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանից ֆիլմ չի ներկայացվի։
Հիշեցնենք նաեւ, որ անցած տարի Կաննի կինոփառատոնի հաղթող էր ճանաչվել Ապիչատպոնգ Վիրասետակունի «Քեռի Բունմին, որը կարողանում էր հիշել իր նախորդ կյանքերը» ֆիլմը։





























