«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում  հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակների հետ կապված քննարկումներ չեն եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները: Ըստ այդմ, ԲՀԿ ղեկավարությունն` ի դեմս Գագիկ Ծառուկյանի,   որոշել  է նախընտրական ցուցակից  դուրս թողնել այն պատգամավորներին, ովքեր գործող խորհրդարանի պատգամավոր լինելով, ակտիվորեն չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, ելույթներ չեն ունենում եւ փաստացի պարապուրդի են մատնված:

Վերջիններս, ըստ մամուլի հրապարակումների, անվանարկում են կուսակցությունն ու անձամբ Ծառուկյանին:  Ցուցակից դուրս թողնվող պատգամավորների թվում մամուլում նշվում է մասնավորապես Գոհար Ենոքյանի, Էռնեստ Սողոմոնյանի,  Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո),  Հրանտ Մադաթյանի,  Տիգրան Ստեփանյանի,  Մելիք Մանուկյանի անունները: ԲՀԿ-ն, ըստ լուրերի, որոշել է ցուցակներում ներգրավել երիտասարդ եւ բանիմաց  մարդկանց, ովքեր իրենց «թարմ արյունով»  կբարձրացնեն կուսակցության հեղինակությունը: 

ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը մեկնաբանեց նաեւ  տեղեկություններն այն մասին, որ ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ն որոշ գյուղական համայնքներում սկսել է կարտոֆիլի եւ գարու սերմնացու, ինչպես նաեւ «տուկի թել» բաժանել: Խաչիկ Գալստյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն, անկախ այն բանից՝ նախընտրական շրջան է, թե ոչ, բարեգործական ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում:

«Գարնանը  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 տոննայից ավելի կարտոֆիլի եւ գարու որակյալ սերմացու է բաժանել մի քանի հարյուր գյուղացիական տնտեսությունների: Խոսքը Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տաուշի  եւ մի քանի այլ մարզերի գյուղացիական տնտեսությունների մասին է»,-վստահեցրեց Գալստյանը: Իսկ թե ուրիշ ի՞նչ բարեգործական միջոցառումներ է իրականացնում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը գյուղական համայքներում՝ ԲՀԿ մամուլի խոսնակը խոստացավ հայտնել առաջիկայում: