Օրերս տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել օրենքով գողերի «սխոդկա», որի ժամանակ, իբր, Դեդ Հասանի մտերիմը համարվող Նորադուզցի  Ալիկ Բայանդուրովը կարգվել է օրենքով գող: «ՉԻ»  տեղեկություններով, սակայն, օրենքով գողերի հավաք Հայաստանում տեղի չի ունեցել, քանի որ միայն այս տարի ոստիկանները տարբեր  հոդվածներով ձերբակալել եւ բանտ են ուղարկել մի քանի օրենքով գողերի եւ հանցագործ աշխարհում հեղինակություն ունեցող անձանց:

Բացի այդ, գողականներն իրենց մասնավոր զրույցներում նշում են, որ Հայաստանը իրենց համար վաղուց այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում, եւ որ Հայաստան վերադառնում են այն օրենքով գողերը, ովքեր դրսում այլեւս հեղինակություն չունեն: «Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի ոստիկանությունը ձերբակալելու է եւս երկու օրենքով գողերի, որոնցից մեկը` «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանն է, ում Չեխիայի իրավապահները մեղադրանք էին առաջադրել  սպանություն պատվիրելու համար, սակայն դատարանում մեղադրանքը չէր ապացուցվել, եւ դատական քաշքշուկներից ազատվելուց հետո «Զապը» վերադարձել է Հայաստան:

Մյուս օրենքով գողը, որին եւս Հայաստանի ոստիկանները նախատեսում են ձերբակալել, դեռեւս Հայաստանում չէ:  Ի դեպ, Ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններում ստեղծվել է հատուկ խումբ: Նշված խւմբը օգտագործելով իր գործակալական ցանցը` իր տեսադաշտում է պահելու Հայաստան այցելող` հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող անձանց եւ օրենքով գողերի տեղաշարժը: Խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, իսկ խմբում ընդգրկված են  ոստիկանության գնդապետներ Աշոտ Կարապետյանն ու Գագիկ Ավետիսյանը»,-գրում է թերթը: