«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, մայիսի 16-ին Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնաժողովի աշխատանքային խումբը, որը համակողմանի ուսումնասիրության է ենթարկելու Մեծամորի ատոմակայանը:

«Այս հանձնաժողովի մասին նույնիսկ մակերեսային տեղեկատվություն ունեցողենրի համար այս լուրը, մեղմ ասած, տագնապահարույց է: Խնդիրն այն է, որ որեւէ ատոմակայան պետք է դադարեցնի իր գործունեությունը, ապա դա վերջին ատյանի որոշում է համարվում եւ իրականացվում է առանց վերապահումների: Հենց այս հանձնաժողովի որոշման արդյունքում արդեն փակվել են երկու ատոմակայաններ Լիտվայում (Իգնալինայի ԱԷԿ-ը) եւ Բուլղարիայում (Կոզլոդույի ԱԷԿ-ի երկու բլոկները):

ՀՀ էներգետիկայի նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ OSART հանձնաժողովի ստուգումները ՀԱԷԿ-ի համար կարող են ճակատագրական լինել:  Եւ խնդիրն այն չէ` ՀԱԷԿ-ում կա՞ն արդյոք տեխնիկական խնդիրներ: Եթե հանձնաժողովի աշխատանքային խումբը տեխնիկական խնդիրներ հայտնաբերի, ապա դա կլինի դատավճիռ ՀԱԷԿ-ի համար, եւ դրա շահագործումը միանշանակորեն կդադարեցվի: Բազմաթիվ ստուգումները ցույց են տվել, որ մեր ատոմակայանը տխնիկական առումով, կարելի է ասել, անթերի է այնքան, որքան դա հնարավոր է: Սակայն էներգետիկայի նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ հանձնաժողովը ՀԱԷԿ-ի ապագայի մասին որոշում կայացնելիս կարող է առաջնորդվել ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական նկատառումներով: Մեր աղբյուրները նշում են, որ կոնկրետ Բուլղարիայում եւ Լիտվայում ատոմակայանները փակվեցին ոչ թե տեխնիկական թերությունների պատճառով, այլ զուտ քաղաքական: Միայն այդ ատոմակայանը փակելու դեպքում Լիտվան եւ Բուլղարիան կարող էին դառնալ ԵՄ անդամ»,-գրում է թերթը: