Ոստիկանությունը պարզել է Գյումրիում մարզադպրոցի աշխատասենյակի պատուհանից ներս պայթուցիկ նետած երիտասարդի ինքնությունը, որի արարքից վիրավորվել էր մարզիչը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 11-ին, ժամը 21.30-ին, Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերության մարզիչ, 32-ամյա Մ. Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, նշված մարզադպրոցում իր աշխատասենյակի պատուհանից նետված անհայտ առարկայի պայթյունի հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարել է 17-ամյա Յուրիկ Խ.-ն:
Յուրիկ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:





























