«ՍԹԱՐ»-ի կապիտալում քաղաքական որեւէ էլեմենտ չկա: Այսօր՝ մայիսի 5-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը։

«Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «ՍԹԱՐ»-ի կապիտալում քաղաքական որեւէ էլեմենտ չկա։ Միայն բիզնես մոտեցումներն են իշխելու, «ՍԹԱՐ»-ը որեւէ քաղաքական կազմակերպության կամ անձնավորության հետ կապ չունի»,- ասաց նա:

Ինպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Viest Assets Ltd-ն ձեռք է բերել «Սթար Դիվայդ»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: Նախկին բաժնետերերն էին Հենրիխ Զախարյանցը եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը։

«ՍԹԱՐ» առեւտրային ցանցը այսուհետ հանդես կգա նոր բրենդով, որը ստեղծել է Dunlop Consultancy անգլիական խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Ջոն Դանլոփը: Dunlop Consultancy-ն բրենդներ ստեղծող աշխարհում հայտնի ընկերություններից մեկն է։  
Ջ.Դանլոփը Երեւանում եւ մամուլի ասուլիսում նշեց, որ բրենդը բիզնես ռազմավարության հիմքն է եւ հաջողության գրավականը։
«Եթե գորիլայի շրթունքերին շրթներկ քսենք, ապա միեւնույն է նա նույն գորիլան է մնալու։ Իսկ բրենդինգը կոսմետիկ գործընթաց չէ, այլ շատ ավելի խորքային եւ ֆուդամենտալ գաղափար»,- ասաց Ջ. Դանլոփը: