ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 5-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր` ապրգեւատրելով զինվորականներին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ hայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 19 հոգի, որից 5-ը` հետմահու:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 460 հոգի, որից 26-ը` հետմահու:
Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել է 26 հոգի, որից 1-ը` հետմահու:
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է նաեւ կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:





























