Հայաստանի նախագահի հովանավորությամբ՝ Հայկական գրատպության 500-ամյակի շրջանակում, առաջին անգամ Հայաստանը մասնակցել է LA Times թերթի կազմակերպած ամենամյա Գրքի փառատոնին:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ փառատոնին ներկայացվել է հայկական մշակութային ժառանգությունը՝ Նարեկացուց մինչեւ ժամանակակից հայ գրողների լավագույն հավաքածուները, պատմության, արվեստի տարբեր բնագավառների օտարալեզու եւ հայերեն գրականություն, պատկերազարդ մանկական գրքեր, տեսաերիզներ ու ձայնասկավառակներ:
Հատկանշական է, որ հայկական տաղավարը զբաղեցնում էր ամենամեծ տարածքը եւ առանձնանում էր հատուկ ձեւավորմամբ: Պատահական չէ, որ այն LA Times-ի կողմից ճանաչվել է ամենեգեղեցիկ տաղավարներից մեկը:
Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը խոշորագույն փառատոնին կարեւոր քայլ է՝ Հայկական գրատպության 500-ամյա ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իմաստով:
Առանձին ներկայացվել են նաեւ ՀԲԸՄ Վիրտուալ հայկական համալսարանը, Կոմիտաս վարդապետի կյանքը ներկայացնող էլէկտրոնային գիրքը, Սարոյանի ծննդյան 100 ամյակի առիթով տպագրված՝ գրողի լուսանկարների ժողովածուն:
Հայկական տաղավարն այցելուներին հայտարարել է, որ Յունեսկոյի կողմից Երեւանը 2012թ.-ին հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Հայկական տաղավարում հնչել է ազգային երաժշտություն, այցելուներին բաժանվել են օտարալեզու գրականության նմուշներ եւ հայկական մանրանկարչության դրվագներով պատկերազարդված շապիկներ:
Փառատոնի ավարտին գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մշակույթի նախարարի առաջարկով հաջորդ տարի Հայաստանը կստանձնի LA Times-ի Գրքի փառատոնի գլխավոր հովանավորի դերը:
Մշակույթի նախարարության Արվեստի վարչության պետի տեղակալ Սեյրանուհի Գեղամյանը հայտնել է, առաջիկայում Հայաստանը կմասնակցի Թեհրանում, Սալոնիկում եւ Վարշավայում կազմակերպվելիք Գրքի փառատոններին։





























