Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը եւ մասնավորապես նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ոչ մի կապ չունեն «Սպայկա» ընկերության հետ, որի դեմ փաստաթղթեր կեղծելու կապակցությամբ ներկայումս քրեական գործ է հարուցվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, որ Սեդրակ Քոչարյանը «Սպայկա» ընկերության բաժնետեր է։
Վիկտոր Սողոմոնյանը նաեւ հիշեցրեց, որ Քոչարյանների ընտանիքն անգամ «Ժամանակ» թերթի դեմ հայցով դիմել է դատարան, որը հոդված է տպել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն, իբր, իր ձեռքն է վերցրել «Սպայկա» ընկերությունը։
«Ճիշտ է, դատական գործընթացը շարունակվում է, սակայն ես պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրորդ նախագահի ընտանիքը ոչ մի կապ չունի այդ ընկերության հետ։ Դա պարզապես հերթական սուտն է»,- հավաստիացրեց Սողոմոնյանը։
Նշենք, որ համաձայն հայկական լրատվամիջոցների՝ ձեռնարկատեր Դավիթ Ղազարյանի կողմից ղեկավարվող «Սպայկա» ընկերության դեմ գործով հիշատակվում էր նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու անունը։ Թերթերից մեկն այս առումով գրել էր. «Երկու օր առաջ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի ձերբակալության շրջանակներում հիշատակվել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի վարույթում գտնվող այդ գործով կան նաեւ ուրիշ ձերբակալվածներ, նաեւ հիշեցրել էին, որ Դավիթ Ղազարյանը «սպայկա» է Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ, որն ընկերությունում փայ ունի: Արտահանման հետ կապված կեղծիքների մեղադրանքով ձերբակալված Դավիթ Ղազարյանի հետ պատահածն, ի դեպ, տեղավորվում է վարչապետի ձախողումների տրամաբանության մեջ»։





























