Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «շատ վտանգավոր միջադեպ» է անվանել վարչապետ Էրդողանի ելույթից հետո ոստիկանական մեքենայի վրա կատարված հարձակումը թուրքական քաղաքներից մեկում:

Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան շարունակելու է հարվածներ հասցնել ահաբեկչությանը:

«Բոլորը պետք է իմանան, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ենթարկվի ահաբեկչությանը: Մենք վճռական ենք շարունակել պայքարը»,- ընդգծել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 4-ին Թուրքիայի վարչապետի՝ Քասթամոնու քաղաքում իրականացրած հանրահավաքից հետո վարչապետի աշխատակազմին եւ իշխող կուսակցության անդամներին տեղափոխող ավտոշարասյունը Իլգազ լեռան ստորոտին ենթարկվել է զինված հարձակման: Բացի մեկ սպանված ոստիկանից, մեկ ոստիկան էլ վիրավորվել է:

Թուրքիայի վարչապետը չի եղել ավտոշարասյան մեջ: Նա հանրահավաքից հետո ուղղաթիռով մեկնել է Ամասիա:

Թուրքական անվտանգության ուժերն այս հարձակման մեջ կասկածում են PKK-ին, կամ մեկ այլ քրդական ռազմականացված կառույցին՝ TIKKO-ին: