Կառավարությունը պետք է պաշտպանի տեղական լոլիկ արտադրողներին։ Այսօր՝ մայիսի 6-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն կատարեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հիշեցնելով՝ թե ինչպես Վրաստանն անցյալ տարի արգելափակեց հայկական արտադրության կարտոֆիլի եւ խաղողի ներկրումը։ Սակայն, Ս. Գալստյանի կարծիքով, շուկան փակելը ճիշտ որոշում չէ, հարկավոր է միայն խստացնել մաքսային վարչարարությունը։

Հիշեցնենք, որ ջերմոցային լոլիկ արտադրողները մի քանի օր առաջ բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով կանխել Թուրքիայից էժան ու մաքսանենգ լոլիկի ու վարունգի ներկրումը։

Այս հարցի հետ կապված որոշ պարզաբանումներ ներկայացրեց նաեւ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Անդրեաս Մելիքյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ջերմոցային լոլիկի ինքնարժեքը բարձր է ցածր բերքատվության պատճառով։

«Եթե Եվրոպայում կամ Թուրքիայում մեկ քառ. միավորից 70-80 կգ լոլիկ են ստանում, ապա մեզ մոտ՝ ընդամենը 20 կգ։ Ինքնարժեքը իջեցնելու համար պետք է տեխնոլոգիան փոխել»,- հայտարարեց մասնագետը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում ընդամենը 20 հա տարածք է դրված ջերմոցների տակ, այնինչ խորհրդային ժամանակներում ծրագիր կար մինչեւ 1000 հա ջերմոցներ կառուցելու։