Հանրապետությունում գործում են մոտ 200 հակակարկտային կայաններ, որոնցից յուրաքանչյուրը կարող է պաշտպանել մոտ 100 հա տարածք։

Այդ մասին այսօր՝ մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

Այդպիսով՝ հանրապետությունում հակակարկտային կայանները պաշտպանում են ընդամենը 20 հազ. հա տարածք, այնինչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է 500 հազ. հա-ից ավելի։

Ս. Գալստյանը հերքեց այն լուրերը, որ հակակարկտային կայանները լիցքավորված չեն եղել, ու մայիսի 4-ին ու 5-ին տեղացած կարկուտի դեմ լիարժեք չեն կիրառվել։ Փոխնախարարը հիշեցրեց, որ հանրապետությունում կարկուտ տեղացել է 2 օր անընդմեջ՝ մայիսի 4-ին վնասվել են Արագածոտնի մարզի 22 համայնքներ, իսկ մայիսի 5-ին՝ նույն մարզի եւ Արմավիրի մարզի մոտ մեկ տասնյակ համայնքներ։

Ըստ Ս. Գալստյանի՝ ամեն տարի 225-290 համայնք տուժում է բնական աղետներից՝ հեղեղ, կարկուտ, գարնանային ցրտահարություն։