ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «թույա» տեսակի ծառերի գողության եւ գողության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ  պարզվել է, որ  Երեւան քաղաքի 33-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2020թ. մարտի 21-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Սասունցի Դավթի» արձանի ձախ հատվածում գտնվող այգու եզրային մասից քաշել-պոկելու եղանակով գաղտնի հափշտակել  է զգալի չափերով՝ ընդհանուր 120.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երեւան համայնքին պատկանող 8 հատ ոսկեգույն «թույա» տեսակի ծառեր:

Բացի այդ, մի քանի օր անց, վերոհիշյալ  հրապարակում, 33-ամյա տղամարդը կրկին փորձել է գաղտնի հափշտակել 4 հատ նույն ծառատեսակից, սակայն նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Երեւան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասի եւ 34-177-րդ հոդվածի (գողության փորձ)  1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: