Մեծամորի ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար ռուսական վարկից Երեւանի հրաժարվելը պայմանավորված է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական գործոններով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական տեսակետից խնդիրը պայմանավորված է վարկային մեծ բեռի առկայությամբ, ցածր օգտակար գործողության գործակցով, էլեկտրաէներգիայի պահանջարկի կտրուկ անկմամբ եւ մի շարք այլ գործոններով, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է էլեկտրաէներգետիկ ճգնաժամի: «ԱԷԿ-ի արդիկանացմանն ուղղված ռուսական վարկից հրաժարվելը կապված է սրա հետ: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2015 թվականին ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր հայկական կողմին արտոնյալ պայմաններով (տարեկան 3 տոկոս) վարկի տրամադրում: Համեմատության համար՝ Ռուսաստանը Բելառուսին ԱԷԿ-ի շինարարության համար «միջուկային» վարկ է տրամադրել տարեկան 5,5 տոկոս տոկոսադրույքով, իսկ Իրանին՝ տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով»,- նշեց նա:

Փորձագետը հավելեց՝ հաշվի առնելով այն, որ ամբողջ համակարգը ճգնաժամային վիճակում է, ինչպես նաեւ այն, որ ԱԷԿ-ի արդիականացումը երկրի համար բավականին թանկ է, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի սակագինը 2 դրամով հնարավոր բարձրացման տեսակետից, հայկական կողմը դիմել էր վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը երկարաձգելու խնդրանքով: «Զիջումների գնալուց Ռուսաստանի  հրաժարվելը վկայում է նաեւ այն մասին, որ այն ամբողջ լարվածությունը, որը կար երկկողմ հարաբերություններում, արդեն իր արտացոլումն է գտնում տարբեր առանցքային ոլորտներում: Կարծում եմ, որ արտոնյալ ժամանակահատվածը երկարաձգելուց Ռուսաստանի հրաժարվելու պատճառը բացառապես քաղաքական է»,- ամփոփեց Վահե Դավթյանը:

Նշենք, որ Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկի մի մասից: