Մենք որոշակի հարցեր ունենք՝ կապված ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցով Համաձայնագրի իրականացման հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ տվյալ հարցի շուրջ քննարկումների համար համապատասխան հարթակ ունենք»,-նշեց նախարարը:

Նա վստահեցրեց, որ ԱԳՆ-ն անպայման կբարձրացնի այդ Համաձայնագրի հարցով Հայաստանին հուզող հարցերը:

«Միեւնույն ժամանակ, մենք ամեն կերպ նշում ենք, որ ՀՀ կառավարությունը չի նպաստի անօրինական միգրացիայի զարգացմանը: Մենք առիթ չենք տալիս նույնիսկ նրա համար, որ մտածեն այդ մասին: Դա բացառված է: Սակայն մարդկանց օրինական տեղաշարժը մեզ համար կարեւորագույն ֆունկցիան է»,-հավելեց Մնացականյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանի կողմից պարտավորությունների իրականացման որակը հիմքեր է տալիս կարծելու, որ կարելի է էլ ավելի խորացնել ազատականացման հնարավորությունները: