Դիարբեքիրի քաղաքապետ, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Օսման Բայդեմիրն իր աշխատասենյակում ընդունել է հայ եւ թուրք լրագրողների խմբին եւ պատասխանել նրանց հարցերին:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Դիարբեքիրից, քաղաքապետ Օսման Բայդեմիրը լրագրողների խմբին դիմավորել է ծաղիկներով՝ նշելով, որ իր 7-ամյա պաշտոնավարության մեջ հայ լրագրողների հետ հանդիպումն իր համար ամենաերջանիկ օրերից մեկն է: Քուրդ քաղաքապետը հիշեցրել է, որ մոտ 100 տարի առաջ Դիարբեքիրը զրկվեց իր հարստությունից՝ բռնի տեղահանության հետեւանքով, որի ընթացքում մեծ կորուստներ եւ զրկանքներ են կրել Դիարբեքիրից հեռացած հայերն ու ասորիները:

«Դիարբեքիրը միայն մահմեդականների քաղաք չէ: Այն իր Սուրբ Կիրակոս, Սուրբ Մարիամ Աստվածածին եւ մյուս եկեղեցիներով քրիստոնեական քաղաք է: Իր ճարտարապետությամբ այն միաժամանակ հայկական եւ ասորական քաղաք է: Իմ երազանք է՝ ստեղծել այնպիսի քաղաք, որտեղ իրար կխառնվեն էզանի ձայնն ու եկեղեցու զանգերը: Դրա համար մենք սկսել ենք  Մերձավոր Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին վերանորոգել»,-ասել է Օսման Բայդեմիրը:

Թուրք լրագրողներից մեկը հարցրել է, թե Դիարբեքիրի քաղաքապետարանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում քննարկելու ուսումնասիրելու 1915-ի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ ժամանակ մեծ թվով հայեր  հեռացան Դիարբեքիրից:  «Մեծ ողբերգություններ են տեղի ունեցել: Ցավոք, նոր սերունդը՝ հիմնականում  Թուրքիայի արեւմտյան հատվածում դեռեւս չի  հասկացել թե ինչ է տեղի ունեցել: Եթե Թուրքիան կարողանա առերեսվել 1915-ի եւ քրդական ապստամբությունների ընթացքում տեղի ունեցածների հետ, միասին լուսավոր ապագայում կապրենք:

Մենք կարծում ենք, որ մեկ անգամ կոնկրետ բան անելը հազար անգամ ասելուց ավելի է լավ է: Մենք դրանով ենք առաջնորդվել եւ վերանորոգեցինք հայկական գերեզմանոցը, հիմա վերանորգում ենք եկեղեցիները: Կառուցվող քուրդ գործչի անունով թանգարանում ներկայացված է լինելու Դիարբեքիրը ներկայացնող բոլոր ազգություններին՝ հայերին, եզդիներին, ասորիներին եւ մահմեդականներին: Այս նոյեմբերին Բիլգե համալսրանի հետ կոնֆերանս ենք կազմակերպելու, որի ընթացքում փորձելու ենք ստանալ ձեր տված հարցերի պատասխանները: Այդ թեմայի շուրջ Դիարբեքիրում ցուցահանդես կլինի»,-ընդծել է Դիարբեքիր քաղաքապետը:

Մեկ այլ թուրք լրագրող հետաքրքրվել է Բայդեմիրից, թե նա որպես քաղաքապետ ի՞նչ քայլեր է անում, որպեսզի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որոնք վերջին շրջանում սառեցվել են: «Իհարկե, որպես Դիարբեքիրի քաղաքապետ ամեն տեսակ ակտիվություն եւ նախաձեռնություն ցանկանում եմ ցուցաբերել: Չպետք է մոռանալ, որ հայերն այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդն են թե Միջագետքում, թե Անատոլիայում: Աննորմալ  եւ անընդունելի է, որ մինչեւ այսօր չի կարգավորվել հարաբերությունները: Պետք է հրաժարվել մերժողական եւ ժխտողական քաղաքականությունից:

Ներկա սերունդը մեղավոր չէ՝ դարասկզբին տեղի ունեցածի համար, սակայն պարտավոր է ասել՝ այո, կոտորած է եղել, ես տխուր եմ դրա համար, ես ցավում եմ դրա համար: Այս ամենը միայն իմ ասելով չի օգնի հարցի լուծմանը: Դա պետք է ասի վարչապետը, նախագահը, խորհրդարանը: Այդ խոսքերից հետո մենք բոլորովս կգնանք Երեւան,  Ցեղասպանության հուշարձանին ծաղիկներ կդնենք եւ կսկսվի հարաբերությունների կարգավորումը»,-շեշտել է Դիարբեքիրի քաղաքապետը: