Հաագայի Միջազգային քրեական դատարանը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա այն հրամանի պատճառով, որը թույլ է տալիս տնտեսական պատժամիջոցներ սահմանել ՄՔԴ անդամների դեմ, որոնք քննում են այն ռազմական հանցագործությունները, որոնց ենթադրաբար կարող են մասնակցած լինել Աֆղանստանում ամերիկացի զինվորներ ու սպաներ:

«Այս հարձակումներն իրենցից ներկայացնում են էսկալացիա եւ օրենքի գերակայությանն ու դատարանի իրավական ընթացակարգերին միջամտության անընդունելի փորձ»,- վստահ են ՄՔԴ-ում: «Աննախադեպ պատժամիջոցները խափանում են անպատժելիության դեմ պայքարի եւ զանգվածային չարագործությունների համար պատասխանատվության ապահովման մեր ընդհանուր ջանքերը», այնուհետեւ նշել են քրեական արդարադատության միջազգային մարմնի մամուլի ծառայությունից:

ՄՔԴ-ի վրա հարձակումները «հարձակում են դաժան հանցագործությունների հետեւանքով տուժածների շահերի վրա, որոնցից շատերի համար դատարանը արդարության հասնելու վերջին հույսն է», ամփոփել են հայտարարության հեղինակները, փխանցում է  DW-ն:

Ըստ Թրամփի հրամանի՝ կարգելափակվեն ԱՄՆ իրավազորության շրջանակում գտնվող անձանց ակտիվները, որոնք ամերիկացի ծառայողների դեմ ՄՔԴ դատավարություններին մասնակից կհամարվեն: Այդպիսի անձանց նաեւ կարգելեն փող հատկացնել: Դրանից բացի, նրանց եւ նրանց ընտանիքների անդամներին կարգելվի Միացյալ Նահանգներ մուտքը:

ՄՔԴ դատախազ Ֆաթու Բենսուդան քննում է ենթադրյալ ռազմական հանցագործությունները, որոնք 2003-2014 թվականներին կատարվել են Աֆղանստանում: Նա փորձում է պարզել՝ արդյոք դրանց ներգրավվա՞ծ են «Թալիբան» շարժման զինյալները, Աֆղանստանի իշխանությունները, ԱՄՆ զինվորները եւ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը: Ընթացիկ տարվա մարտին ՄՔԴ-ն հավանություն էր տվել քննության անցկացմանը: