«Հրապարակ» թերթը գրում է. «Հետեւո՞ւմ եք Ծառուկյանի շուրջ զարգացումներին, խանդով չե՞ք վերաբերվում, որ նա «խոդ կանյոմ» արեց, ներքաղաքական նոր իրավիճակ ստեղծեց՝ հարցրինք ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։

«Իհարկե` ոչ, բոլոր քաղաքական ուժերն էլ այս օրերին դիրքավորումների մեջ են, որի ակտիվ փուլը կսկսվի կորոնավիրուսի ավարտից հետո։ Գագիկ Ծառուկյանը, այո, քաղաքական սուր հայտարարություններ արեց, սակայն խիստ անհասցե»:

Ո՞ւմ հասցեագրեր։ «Պետք է շատ հստակ ու պարզ ասեր` Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»: Դուք ասո՞ւմ եք. հակառակը` ասել եք՝ Փաշինյանին անվստահություն չենք հայտնի։ «Մենք կարծում ենք, որ այդ պրոցեսը պետք է սկսել համավարակից հետո։ Ասել ենք` անվստահություն չենք հայտնի, սակայն հավելել ենք, որ այս փուլում պատասխանատվություն իշխանություններն են կրում»:

Սպասում եք` կորոնավիրուսից մահերը հազարների հասնեն, բանը բանից անցնի` նո՞ր։ «Ոչ, բանը բանից անցնելու խնդիր չկա, քաղաքական պայքարը չի կարող լիարժեք լինել կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում»: Սպասում եք Ծառուկյանը Նիկոլին մաշի, դո՞ւք տիրանաք։ «Ոչ, հակառակը՝ որքան ընդդիմադիր բեւեռը հզոր լինի, այնքան` լավ, բայց արդյոք Ծառուկյանը մինչեւ վերջ կգնա՞, մենք կասկածներ ունենք. խորհրդարանի ծեծկռտուքից հետո իրենք որեւէ կերպ չարձագանքեցին»:

ԲՀԿ-ականները քանիցս անդրադարձան փաստին։ «Քաղաքական գնահատական չեղավ, որն էլ ենթադրել է տալիս, որ իրենց քաղաքական պայքարն այս անգամ եւս չի հասնի տրամաբանական հանգրվանի»: Դասական գործիչ Էդմոնը չի՞ հանդիպել Ծառուկյանի հետ։ «Ոչ»։ Կհանդիպի՞։ «Մեր օրակարգը հստակ է, եւ եթե դրա շուրջ Ծառուկյանը ցանկություն ունենա միավորվել, ինչո՞ւ ոչ»:

Եթե իրենք սկսեն անվստահության գործընթաց, չե՞ք մասնակցի։ «Զուտ թվաբանորեն՝ խորհրդարանում անվստահության գործընթաց չի կարող լինել. մեկ երրորդի խնդիր կա»: «Իմ քայլից» կպոկվեն` պրոցես է սկսվել։ «Մենք պատրաստակամ ենք քաղաքական պայքարը տանել մինչեւ վերջ, որովհետեւ այս իշխանությունը հեռացող է»:

Կհամաձայնե՞ք Ծառուկյան-վարչապետ կոնֆիգուրացիային։. «Մենք ունենք վարչապետի մեր թեկնածուն»: Էդմոն Մարուքյա՞նը։ «Էդմոն Մարուքյա՛ն»: Ի դեպ, մեր տեղեկությամբ, կոնսենսուսը հենց այս պատճառով չի կայանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում